Պետք է դադարեցվի «Մարտի 1-ի» գործի խեղաթյուրումը․ Վիկտոր Սողոմոնյան
Այս 1,5 տարվա ընթացքում 3 առասպել ջարդուփշուր եղավ։ Այդ մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ժողովի ժամանակ։
Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ առաջին ջարդված առասպելը կապված է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ։
«Պարոն Քոչարյանի կալանավորումը սկսվել է այն պատրվակով, թե բռնում են մարդասպանին, և այսօրվա վարչապետն ուղղակի ուժ ու եռանդ չէր խնայում և նույնիսկ չէր համբերում հայտարարել, թե ահա` 2008 թ. «Մարտի 1»-ը գրեթե բացահայտված է ամբողջ ծավալով, Քոչարյանը կալանավորված է, և հիմա կտեսնեք, թե ինչ արագ գործը կբացահայտվի: Դա բացարձակ կեղծիք էր»,- ասաց Սողոմոնյանը։
Որպես երկրորդ առասպել՝ Սողոմոնյանը նշեց 2008 թ. մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալումը։ Ըստ նրա, դա բացարձակ կեղծիք է՝ պատմությունը վերաշարադրելու անհաջող փորձ։
Ինչ վերաբերում է երրորդ «ջարդված» առասպելին, ապա դա իշխանության կեղծ հայտարարությունն էր այն մասին, թե Քոչարյանի կալանավորումը ժողովրդի պահանջ է, սակայն փաստերը հակառակն ապացուցեցին։
«Այս անկյունաքարային գործը ցույց տվեց, որ Հայաստանում կա շատ ուժեղ քաղաքացիական հասարակություն, շատ ուժեղ իրավական հանրույթ, քաղաքական դաշտի առողջ զանգված, որը պատրաստ է պայքարել ընդդեմ իրավական «բեսպրեդելի»»,- ասաց Սողոմոնյանը։
Նա նկատեց, որ պետք է դադարեցվի «Մարտի 1-ի» գործի խեղաթյուրումը։