Կրթությունը ցեղասպանության կանխարգելման հզոր գործիք է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Ն.Փաշինյանը կարևորել է Հայաստանի կառավարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև գործակցությունը և վերահաստատել մեր երկրի աջակցությունը կազմակերպության մարդասիրական առաքելություններին: Վարչապետն ասել է, որ Հայաստանը կարևոր է համարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կայուն համագործակցության շարունակական ամրապնդումը և կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է կրթության խթանմանը` որպես հզոր գործիք երիտասարդ սերունդներին խաղաղության, երկխոսության, մարդու իրավունքների, հանդուրժողականության և ոչ խտրականության ոգով դաստիարակելու գործում:
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը լիակատար աջակցություն է հայտնում Երևանի պետական համալսարանի` Կրթության և ցեղասպանության կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն ստեղծելու առաջարկությանը, եւ հավելել, որ կրթությունը ցեղասպանության կանխարգելման հզոր գործիք է:
Օդրի Ազուլեն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսին մասնակցելու համար և բարձր գնահատել Հայաստանի ջանքերը` մշակութային հարուստ ժառանգության պահպանման գործում: Նա նշել է, որ իր գլխավորած կառույցը շահագրգիռ է զարգացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ փոխգործակցությունը` նշված ուղղություններով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև գործակցության, կազմակերպության գործունեության նպատակների և ուղղությունների վերաբերյալ, անդրադարձել գիտության, կրթության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում գործակցության զարգացման հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակութի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։