Իհարկե, կողմ եմ կոնվենցիայի վավերեցմանը․ անկախ նրանից, թե ով է գոհ կամ դժգոհ՝ պետք է աշխատանքներ իրականացնենք․ Բաթոյան
ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, ստորագրել է և հիմա պետք է վավերացնի: ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային։
Բաթոյանը չհստակեցրեց, թե արդյոք հանրության տրամադրությունները կարո՞ղ են ազդել գործընթացի վրա, սակայն նշեց, որ եթե ստորագրվել է, ապա պետք է վավերացվի։ Նա հավելեց, որ անհրաժեշտ են նաև իրազեկման աշխատանքներ։
«Անկախ նրանից, թե ով դրանից գոհ կլինի, ով՝ դժգոհ, մենք պետք է իրազեկման աշխատանքներ իրականացնենք: Մենք հակաքարոզչությանը պատասխանելու անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասաց Բաթոյանը։
Նա ընդգծեց, որ իրենց նախարարության գործառույթն է աջակցել այն մարդկանց, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության։
«Մենք նաև նրանց սոցիալական աջակցություն ենք տրամադրում: Ես կարծում եմ, որ կանանց հանդեպ բռնությունը պետք է կանխարգելել, ծրագրեր իրականացնել: Այս պահին սրանով սահմանափակված է մեր գործունեությունը»,- ասաց նախարարը։
Հարցին, թե նա անձամբ կո՞ղմ է կոնվենցիայի վավերացմանը, Բաթոյանն արձագանքեց. «Իհարկե, կողմ եմ»։