Ամերիկյան նախընտրական կրքերը հասան հայկական թեմատիկային
Չնայած ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, սակայն կարծես թե նախընտրական արշավները, տարբեր ձևաչափերում արդեն սկսվել են։
2020-ի նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգներում խոստանում են լինել բավական աղմկոտ ու դաժան, կարելի է ասել նաև՝ քաղաքական կենաց մահու պայքար է ընթանալու արդյունաբերական կապիտալը ներկայացնող, երկրորդ ժամկետի համար պայքարող Դոնալդ Թրամփի ու ֆինանսական կապիտալը ներկայացնող, դեմոկրատ Ջո Բայդենի միջև։
Որքան էլ հետաքրքրական է, այդ պայքարը սկսել է տարածվել նաև հայկական իրականության վրա, հատկապես, որ ամերիկահայության սիրաշահումը միշտ էլ ամերիկյան ներքաղաքական խաղերում եղել է կարևոր հանգրվան, ընդհանուր քաղաքական խաղերի շղթայում։ Սրանով թերևս կարելի է պայմանավորել Հայաստանի, հայերի ու հայկականության հանդեպ վերջին շաբաթներին անակնկալ ցուցաբերվող հոգատարությունն ու նույնիսկ սենտիմենտալիզմը։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը, Սենատում նմանատիպ մի բանաձևի կամաց-կամաց քննարկման հարց դառնալը, ԱՄՆ կողմից Հայաստանի ֆինանսավորման ավելացումը, նույնիսկ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի աշխատանքային այցը ԱՄՆ։ Ինչ խոսք, քայլեր են, որոնք շոյում են ամերիկահայության, ամերիկահայկական կառույցների հայրենասիրական ապրումները, ու տրամադրում կոնկրետ քաղաքական ուժերի կամ գործիչների հանդեպ դրական իմաստով։
Սա թերևս հասկանում են նաև Անկարայում, որովհետև պարզ է, որ երկար ժամանակ «մեղր մեղր» ասելուց հետո, կարելի է պարզապես պուտուկը բացել ու մի մատ տալ՝ լիզելու համար, մնացածը՝ հաջորդ ընտրություններին պահելու համար, իսկ արդեն հետո կրկին պետք է ասվի «մեղր մեղր» հույսով, որ բերանը կքաղցրանա։ Ամերիկյան քաղաքական համակարգն է սա, ու ոչինչ անել հնարավոր չէ․ նույնիսկ ողբերգությունն ու հայրենասիրական ապրումները կապիտալիզացվում են ու հանվում աճուրդի՝ համապատասխան գեղեցիկ ու փայլփլուն փաթեթավորմամբ։
Կարելի է ուղղակի նայել ու հասկանալ, թե ում հետ է հանդիպում Մասիս Մայիլյանն ու ինչու կամ ինչ է նա խոսում, կամ ինչ է խոստանում դեսպան Թրեյսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ու ամեն բան կընկնի իր տեղը։ Սա ներամերիկյան քաղաքական PR տեխնոլոգիաների մաս է ու ոչ մի աշխարհաքաղաքականություն։
Յակոբ Բերգեր