Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Արսեն Հարությունյանը պարտվեց բրոնզի համար պայքարում
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային կարգ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում տուշեով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դինիսլամ Տախտարովին,- գրում է Armsport-ը։
Հենց մեկնարկում ռուսաստանցի ըմբիշը 4 միավորանոց խեղդող հնարքով ժամանակից շուտ առավելության հասավ Հարությունյանի նկատմամբ: Այսպիսով` Հարությունյանն անմասն մնաց մեդալից:
Եվրոպայի գործող չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10։5 հաշվով հաղթել էր Մոնղոլիայի ներկայացուցիչ Չինզորիգ Ցերմային, իսկ երկրորդ գոտեմարտում 13:6 հաշվով առավելության էր հասել իրանցի Էսմաելի Յահեշիի նկատմամբ:
Արսենը դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, դարձյալ տուշեով պարտվել էր հնդիկ Ռավինդեր Ռավինդերին: