Ավետիք Իշխանյանը և Արտակ Բեգլարյանը պատրաստակամություն են հայտնել երաշխավորել Արսեն Բաբայանի համար․ պաշտպաններ
Արսեն Բաբայանի պաշտպանները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը պատրաստակամություն են հայտնել իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորել Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում:
«Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Նշված երաշխավորագրերի հիման վրա հսկող դատախազին միջնորդություն ենք ներկայացրել Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու և Արսեն Բաբայանին ազատ արձակելու մասին»,- ասված է հայտարարությունում։