2020 թվականի բյուջեն ևս հեղափոխական չէ․ Միքայել Մելքումյան
«Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2018 թ. հունվար-հունիս ամիսներին եղել են 38 մլրդ դրամ, 2019 թ. հունվար- հունիսին ունեցել ենք 7,8 մլրդ։ Այս ցուցանիշները այնքան հեռու են այն ցանկալի կետից, որի հիման վրա բավարար տնտեսական աճ ապահովենք»: 2020 թ. բյուջեի նախագծի քննարկմանը այդ մասին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նրա գնահատմամբ, այս բյուջեն ևս հեղափոխական չէ։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չհամաձայնեց Մելքումյանի տեսակետի հետ։
«Եթե ասում եք, որ հեղափոխական չէ, պետք է սկսել այն մասից, թե ո՞րը կլիներ հեղափոխական։ Սա կայունության տեսակետից ռիսկեր չառաջացնող մոտեցում է, դա միակ ճանապարհն է, որը չի կարելի քննարկման առարկա դարձնել, պետք է ունենանք կայուն միջավայր, և դա քննարկելի չէ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ըստ Ջանջուղազյանի՝ միջավայրի փոփոխությամբ ենթադրվում է, որ տնտեսական հաջորդ ցիկլում ներդրումները կավելանան, իսկ այս փուլում տնտեսական միջավայրին ընտելանալու խնդիր կար։
Մելքումյանը չզիջեց․ «Հետհեղափոխական շրջանում ներդրումների սպասումները մեծ են լինում, նախկին էնտուզիազմը կա, թե իջել է, նաև գուցե օբյեկտիվ պատճառով։ ԱԺ-ում այնպես չէ, որ ինչ օրենք ուզեք, չեք կարող անցկացնել, հիմա ինչ ուզեք, կարող եք բերել, բայց ասում եք՝ դեռ պետք է հարմարվենք»,- ասաց պատգամավորը։
Ատոմ Ջանջուղազյանն էլ դարձյալ նշեց, թե լավ կլինի։ «Միջավայրը նպաստավոր է դառնալու ու անհամեմատ մեծ է լինելու»,- ասաց նա։