«168 ժամ». Վահե Գրիգորյանը մինչ օրս չի մասնակցել որևէ նիստի, բայց ստացել է ծառայողական մեքենա, աշխատավարձ, ամսական 240 լիտր բենզինի կտրոն
«168 ժամ» թերթը գրում է.
«ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որն Ազգային ժողովում 2019 թ. հունիսի 20-ին ՍԴ դատավոր ընտրվելու օրը հայտարարել էր, թե ՍԴ է մտնում որպես այդ դատարանի նախագահ, պաշտոնը ստանձնելուց մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածը չի մասնակցել որևէ նիստի և որևէ գործով չի հանդիսացել զեկուցող դատավոր: Վահե Գրիգորյանն իր բացակայությունների հարգելիության վերաբերյալ նաև չի ներկայացրել որևէ տեղեկատվություն: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
«168 ժամի» թղթակիցը ՍԴ աշխատակազմին խնդրել էր նաև պատասխանել հարցին, թե պաշտոնը ստանձնելուց հետո ի՞նչ մակնիշի մեքենա և քանի՞ լիտր բենզինի կտրոն է տրամադրվել ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանին: Հարցին ի պատասխան ՍԴ աշխատակազմից հայտնել են, որ Գրիգորյանին նախապես տրամադրվել է ծառայողական մեքենա՝ Hundai Elantra մակնիշի, սակայն որոշակի ժամանակ անց փոխարինվել է մեկ այլ ծառայողական մեքենայով վերանորոգման անհրաժեշտություն առաջանալու պատճառով:
«Յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ծառայողական մեքենայի համար Վահե Գրիգորյանին տրամադրվել է 240 լիտր բենզինի համար նախատեսված կտրոն: Գրիգորյանին տրամադրվել է նաև աշխատասենյակ Սահմանադրական դատարանի շենքում, ինչպես նաև աշխատասենյակի համար նախատեսված գույք ներառյալ կահույք, համակարգչային տեխնիկա, աշխատանքային հեռախոս, որի վճարումները կատարվում են պետական միջոցներով»,- ասված է ՍԴ աշխատակազմից մեզ տրված պատասխանում:
Իսկ հարցին` ՍԴ դատավոր ընտրվելուց ի վեր Վահե Գրիգորյանը քանի՞ անգամ է պարգևավճար ստացել, ՍԴ-ից պատասխանել են. «Գրիգորյանին 4 անգամ տրամադրվել է պարգևավճար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում