Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել՝ նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության․ Արա Բաբլոյան (տեսանյութ)
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը «մի քիչ նեղված է իրավապահներից»։ Այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը` նշելով, որ երեկ իրեն վիրահատությունից հանել են և տարել հարցաքննության։
«Իմ հարցաքննությունը չուներ որևիցե հրատապություն։ Ես բազմիցս բացատրեցի, որ մենք 20 տարի պատրաստվել ենք այս վիրահատությանը, նրանք ասացին, որ ես պետք է անհապաղ ներկայանամ։ Ես չցանկացա, որ հասարակությունը կարծեր, թե ես խուսափում եմ հարցաքննվելուց, և գնացի հարցաքննության»,- ասաց Բաբլոյանը՝ հավելելով, որ իր հարցաքննվելու ընթացքում իրեն փոխարինել են գործընկերները, իսկ ինքը հարցաքննությունից հետո եկել և շարունակել է վիրահատությունը։
Սակայն նա մանրամասներ չհայտնեց հարցաքննությունից և չմեկնաբանեց ՀՔԾ-ի կողմից իրեն որպես կասկածյալ ներգրավելու որոշումը։
«Քննություն է գնում, և ես իրավունք չունեմ որևիցե բանի մասին խոսել։ Ես ամեն ինչ արել եմ օրենքի և Սահմանադրությանը համապատասխան»,- ասաց Բաբլոյանը և հավելեց, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում։
«Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության։ Եթե այս հարցում մեղադրեն՝ կընդունեմ»,- ասաց նա: