8 ամսում այս ոլորտում 6 մլն դոլարով քիչ արտադրանք է արտահանվել. Տիգրան Խաչատրյան (տեսանյութ)
Հայաստանում այս տարվա առաջին 8 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 7 տոկոս էր, որը ցածր է միայն 2018-ի ցուցանիշից (7,7 տոկոս): Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ նվազում է արձանագրվել չզտված պղնձի արտահանման ոլորտում. «Ամբողջ տարվա ընթացքում չի աշխատել Ալավերդու պղձաձուլարանը: Ալյումինե փայլաթիթեղի արտահանումն է նվազել: 8 ամսում այս ոլորտում 6 մլն դոլարով քիչ արտադրանք է արտահանվել, որը 8 տոկոս է կազմում, բայց տարեվերջին այս խմբում կունենանք էապես բարելավված վիճակ, քանի որ պատժամիջոցները հանված են: Խնդրահարույց է ադամանդե քարերի արտահանումը: Արտահանման ոլորտում աճ է արձանագրվել կոնյակի, ծխախոտի, անմշակ ոսկու և երկաթե հալվածքների ոլորտներում»,- ընդգծեց նախարարը` հավելելով, որ անցած 8 ամսվա ընթացքում մոտ 770 հազար զբոսաշրջիկ այցելել է Հայաստան: