Ամեն պահի սպասում ենք բժիշկների եզրակացությանը․ հնարավոր է Քոչարյանը վիրահատվի․ Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է վիրահատվի։ Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ Քոչարյանը մինչ այսօրվա վերջին բուժզննումը, արդեն երկու անգամ բուժզննում է անցել «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Դիտարկմանը, թե Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ է, և պարզապես դա հերթական սովորական բուժզննումն է, ու ոչ մի լուրջ բան չկա, իսկ այսօր պարզվում է, որ վիրահատական միջամտություն կարող է լինել, Վիկտոր Սողոմանյանը պատասխանեց, որ հերթական բուժզննման արդյունքներով բժիշկների եզրակացություն կլինի՝ վիրահատության անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։
«Խոսքը ոչ բարդ վիրահատության մասին է, որից ընդամենը հաշված օրեր հետո պարոն Քոչարյանն արդեն ոտքի վրա կլինի։ Մենք հիմա սպասում ենք, թե ինչ կորոշեն բժիշկները, ուրիշ խնդիր չկա»,- Սողոմոնյանը։
Նա չկարողացավ պատասխանել, թե կոնկրետ երբ կլինի բժիշկների եզրակացությունը, սակայն նշեց, որ մինչև օրվա վերջ պատասխան կլինի։
«Եթե այսօր կամ վաղը վիրահատության համար որոշում կայացնեն, մենք անպայման կհայտնենք այդ մասին»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
Նա նաև չի կարծում, թե Ռոբերտ Քոչարյանի կալանավայրում գտնվելու հանգամանքը կարող է որևէ կերպ խոչընդոտել նրա վիրահատությանը։
«Փառք Աստծո, առողջական լուրջ խնդիրներ չկան»,- ասաց գրասենյակի ղեկավարը: