Վեթինգ բառը փոխել են, որ այն «ալեգիա» չառաջացնի
Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զարմացրեց այն, որ հարցը դրվում է նիստի քննարկմանն ու հայտարարվում, որ մինչ այդ այն չի քննարկվել:
Փաշինյանն իր զարմանքը հայտնեց, այն բանից հետո, երբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախնական տարբերակում չի եղել ՊԵԿ-ի քննչական վարչությունը ևս Քննչական կոմիտե տեղափոխելու հարցը և իրենք չեն կարողացել ներկայացնել դրա հակափաստարկները և անհամաձայնությունը:
Փաշինյանը հակադարձեց՝ նշելով, որ ինքն է անձամբ մասնակցել քննարկումներին:
«Առնվազն իմ մասնակցությամբ 3-4 քննարկում է եղել այս թեմայով: Այս տրամաբանությամբ մենք միշտ տեղում կդոփենք: Սա քաղաքական հարց է, և քաղաքական որոշումը կայացված է: Չի կարելի հարցերի քննարկումը անվերջ ձգել, մանավանդ՝ նոր Հայաստանում սիրում ենք ասել՝ եկեք էլի քննակենք, քննարկենք»,- ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ չպետք է մեկ քայլ առաջ անել և երկու քայլ հետ գնալ: Փաշինյանը նկատեց նաև, որ քննարկում եղել է, ու պարզվում է՝ պարզապես նույն հարցը քննարկվել է այլ ձևակերպմամբ:
«Մենք հասկացանք, որ մեծ ալերգիաներ է առաջացնում վեթինգ բառը, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրը ուրիշ լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է լինեն պաշտոնատար անձի բարեվարքությունը ստուգելու գործուն մեխանիզմներ, որոնք կստեղծվեն քայլ առ քայլ: