Նորաշենցիները կփակեն ճանապարհը․ Արարատի մարզպետը չփոխեց իր որոշումը (տեսանյութ)
Արարատի մարզպետարանի մոտ շարունակում է լարված վիճակը։ Նորաշենի բնակիչները առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել՝ մարզպետ Գարիկ Սարգսյանից պահանջելով կամ բեկանել, իրենց իսկ որակմամբ, անօրինական որոշումը, կամ հրաժարական տալ։
Նորաշենցիները դժգոհ էին, որ մարզպետն առանց իրենց իմացության ու տեղեկացնելու իրենց կողմից ընտրված գյուղապետ Նորայր Գրիգորյանին ազատել է աշխատանքից ու գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։
Չնայած ակցիաներին՝ Գարիկ Սարգսյանը մնաց անդրդվելի և լրագրողների հետ զրույցում վճռականորեն հայտարարեց, որ իր որոշումն անբեկանելի է և օրինական։ Նա արագ հեռացավ մարզպետարանից, իսկ գյուղացիները շարունակում էին դժգոհությունները։
Մարզպետին պաշտպանելու նետվեց գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանը, ու քանի որ պաշտպանելու գործում նրա «ջանասիրությունը» չափն ացավ, ոստիկանները, մի քանի գյուղացիների հետ միասին, նրան ևս բերման ենթարկեցին։
Գյուղացիներն էլ հայտարարեցին, որ մարզպետը չբավարարեց իրենց պահանջը, ու իրենց նպատակին հասնելու համար, պատրաստ են անգամ փողոցներ փակել։
Տեսանյութերը՝ Tert.am-ի