ՀՔԾ պետի տեղակալը՝ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների մասին (տեսանյութ)
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրգործը հարուցված է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:
«Պնդել, որ տեղի է ունեցել սպանություն, ներկա պահին հիմքեր չկան, որքան ինձ հայտնի է: Համենայն դեպս, քրեական գործի վարույթն իրականացվում է Քննչական կոմիտեի վարույթում»,- ասաց ՀՔԾ պետի տեղակալը:
Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի կողմից երեկ տարածված այն հայտարարությանը, որում ասվում էր, որ նախկին ոստիկանապետն ինքնասպանության պահին տանը մենակ չի եղել, եղել է ալկոհոլի ազդեցության տակ, Հովհաննիսյանը նշեց, որ հրապարակումը ՀՔԾ-ի կողմից չի արվել և հղում արեց ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 201-րդ հոդվածին: Ըստ այդմ՝ ցանկացած քրգործով հրապարակման ենթակա տեղեկատվության ծավալը որոշում է կոնկրետ քրեական վարույթ իրականացնող մարմինը, այսինքն՝ քննիչը:
Ինչ վերաբերում է երեկ մամուլի այն հրապարակմանը, ըստ որի՝ Հայկ Հարությունյանն ինքնասպանություն գործելուց առաջ ասել է, թե Գլխավոր դատախազն ու ՀՔԾ պետը ստիպում են իրեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալ, Հովհաննիսյանն ասաց, որ այդ հրապարակումն իրականությանը չի համապատասխանում, հերյուրանքներ են: