Կոմիտասի «Սյուզի» խանութի վաճառողուհին հրել է գնորդուհուն ու հագուստ շպրտել նրա վրա. նա նաև կտրոն չի տրամադրել
Երևանյան շատ խանութներում կարող եք հանդիպել «Գնված ապրանքը չի փոխանակվում և հետ չի ընդունվում» հայտարարությանը:
Կոմիտասի 63 հասցեում գործող «Սյուզի» կանանց և մանկական հագուստի խանութում նման գրությամբ ոչ մի պաստառ չկա, բայց վաճառողուհին ո'չ միայն հետ չի վերցրել հագուստը, այլև աչքի է ընկել իր անտակտ ու անմարդկային պահելաձևով:
Հարկ է նկատել, որ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ կետի, գնված ապրանքը կարելի է փոխանակել 14 օրվա ընթացքում: Սա էլ հենց գնորդուհին փորձել էր բացատրել վաճառողուհուն, բայց վերջինս շպրտել է տաբատն ու սպառնացել, որ եթե հենց հիմա նա դուրս չգա իր խանութից, ապա ինքը ստիպված կլինի ոստիկան կանչել:
Իհարկե, գնորդուհին դեմ չի եղել ոստիկան կանչելուն, սակայն վաճառողուհին կանչել է ո'չ թե ոստիկանի, այլ իր հարևանությամբ գործող ներքնակների խանութի մեկ այլ վաճառողուհու, ով հեռախոսը ձեռքին, տեսագրելով ներս է մտել:
Նշենք, որ գնորդուհին տաբատը գնել էր երեկոյան 19:43-ին, իսկ արդեն հաջորդ օրը կեսօրին` ժամը 12:00-ի մոտակայքում, փորձել էր փոխանակել մեկ այլ չափով: Ու թեև կինը բացատրել էր, որ տաբատը բավականին մեծ է եղել իրեն ու գնելիս մի քիչ ուշադիր չի եղել, վաճառողուհին ձեռքից վերցրել է տաբատն ու գոռացել. «Յաա, դե մի երեք ամիս էլ հագնեիր, նոր բերեիր»:
Իհարկե, գնորդուհուն այդպես էլ չի հաջողվել փոխել, քանի որ վաճառողուհին հարձակվել է նրա վրա, հրել և պահանջել լքել խանութը:
Ու որպեսզի վիճաբանությունը չվերածվի երկու կանանց ծեծկռտուքի, ու նաև քանի որ գնորդուհին չի ցանկացել իջնել հիշյալ վաճառողուհու մակարդակին և հրել նրան, ուստի որոշել է հեռանալ և դիմել համապատասխան մարմիններին:
Այստեղ շատ կարևոր է նաև, որ գնորդուհին չունի նաև կտրոն: Նա այդ օրը գնել է միևնույն ժամանակ երկու տաբատ, սակայն և ոչ մեկի համար նրան կտրոն չեն տրամադրել:
Հարկ ենք համարում պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել վերահսկողություն սահմանելու վաճառողուհու անպարկեշտ ու անօրինական գործունեություն ծավալելու վրա:
Ի վերջո, ո՞վ է պատասխան տալու «Սյուզի» կանանց և մանկական հագուստի խանութի անօրինական գործունեության համար:
NEWSPRESS.am-ը հետևողական է լինելու խնդրին, որպեսզի խանութի աշխատանքը վերադարձվի օրինական դաշտ:
Արմինե Մկրտումյան