Վրաստանում վարչապետի փոփոխությունը. «խաղատախտակին » շատ բան է դրված Երևանի համար
Վրաստանում կրկին վարչապետի փոփոխություն է։ Մամուկա Բախտաձեն հեռանում է։ Նրան, ամենայն հավանականությամբ, փոխարինելու է Գեորգի Գախարիան, ով այժմ դեռ ՆԳ նախարարի պաշտոնն է զբաղեցնում։
Մեր հարևան երկրում այս փոփոխությունն այդքան կարևորություն չէր ունենա մեզ համար, եթե Վրաստանը մեզ համար արտաքին աշխարհի հետ կապող քիչ թե շատ հուսալի եզակի ուղիներից մեկը չլիներ։ Հայաստանի բախտը այս հարցում չի բերել, ինչպես երբեք։ Թուրք-ադրբեջանական բլոկադայի պայմաններում վրացական և իրանական բաց սահմանները կենսական արժեք են ձեռք բերում մեզ համար։ Բախտաձեի հեռացումը, սակայն դժվար թե շատ բան փոխի, քանի որ իշխանությունն ամեն դեպքում մնում է իշխող քաղաքական մեծամասնության՝ «Վրացական երազանքի» ներսում։
Ըստ էության, սա ընդամենը քաղաքական մանևր է՝ ներքին դժգոհությունը հրաժարականներով լիցքաթափելու։ Վրաստանում նոր կառավարության ձևավորման հետ, կրկին օրակարգ է գալու հայ-վրացական հարաբերությունների հարցը ու այս համատեքստում՝ այն, թե արդյոք Վրաստանը կկիրառի՞ իր հայտնի որոշումը, որով հացահատիկն ու ալյուրը այլևս հնարավոր է տեղափոխել միայն ծովային ու երկաթուղային տրանսպորտով, քանի որ հետագնա ծանրաքարշ մեքենաներով տեղափոխումը վնասում են վրացական ճանապարհները։
Մինչ այս պահը Երևանին հաջողվել էր որոշման կիրարկման հետաձգումների միջոցով խնդիրը հեռացնել «մեր դռանը» չոքելուց։ Սակայն, ինչպես ասում են, ամեն նոր կառավարություն, նույնիսկ եթե «դիփ սթեյթի» ղեկավարը չի փոխվում, ի դեմ Իվանիշվիլիի, ունի իր ձեռագիրը և մանրուքներում կարող են բաներ փոխվել, իսկ երբեմն այդ մանրուքները դառնում են ճակատագրական։
Ամեն դեպքում, առաջիկայում Երևանը պետք է ակտիվացնի իր արտաքին քաղաքականության վրացական ուղղությունը․ «խաղատախտակին» չափազանց շատ բան է դրված։