Հայ-ռուսական հարաբերությունները նոր սկանդալի շեմին
Հայ-ռուսական, առանց այն էլ բավական կնճռոտ հարաբերություններում նոր սկանդալ է պայթել։ Այս անգամ խնդիրը կապված է ՀՀ ՊՆախարարության հետ։ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս տարվա մայիսին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է զինտեխնիկայի մատակարարման բաց մրցույթ, որին հաղթել է ռուսական «ՕՌՍԻՍ» ընկերությունը։
Սակայն հայկական ռազմական գերատեսչությունը անհասկանալի պատճառաբանությամբ փակել է մրցույթը, որին հետևել է ռուսական ընկերության բողոքը և դատական հայցը ընդդեմ ՀՀ ՊՆ-ի։ Այս ամենի հետևանքը եղել է այն, որ հարուցվել է քրեական գործ և ՊՆ-ն դատարան է կանչվելու որպես պատասխանող կողմ։
Ռուսական ընկերությունը բավական ամուր դիրքերով ներկայացրել է իր տեսակետները, նշելով, որ հայկական կողմի պահվածքը եղել է ծառայողական անփութության հատկանիշներին համապատասխանող։
Այս տարվա հոկտեմբերին, ԵԱՏՄ սպասվող գագաթնաժողովից առաջ, որին ակնկալվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, սա մեղմ ասած խիստ անցանկալի դրվագ է հայ-ռուսական հարաբերություններում, հատկապես որ ռուսական կողմն ասել է, որ այս կերպ հնարավոր է հարվածի տակ դրվի ռուսական մի քանի միլիոն դոլարանով ներդրումային ծրագիրը, որով Հայաստանում զինագործարան է կառուցվելու։
Այժմ խոսելու հերթը ՀՀ իշխանություններինն է, որոնք հարկ է, որ քեֆերից ու դատարկ գոռգոռոցից կտրվեն ու փորձեն գոնե ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում հարթել ստեղծված տհաճ վիճակն ու «փրկել դեմքը», եթե Մոսկվան Երևանի համար դեռ ռազմավարական դաշնակից է։