Թուրքիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ
Թուրքիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպի հետ կապված, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:Ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպին գործակալության հետ զրույցում անդրադարձել է նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը։
«Ռուսական ինքնաթիռը խփվել է թուրք-սիրիական սահմանի մոտ: Մենք ճշտում ենք մանրամասները: Ակնհայտ է, որ սա շատ լուրջ միջադեպ է»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ ճիշտ չէր լինի «այլ մեկնաբանություններ անելը, քանի դեռ հարցը չի հստակեցվել»։
Թուրքիայի պահանջով այսօր արտահերթ նիստ է գումարելու ՆԱՏՕ-ն՝ քննարկելու ինքնաթիռի հետ կապված միջադեպը։
«Հյուսիսատլանտյան դաշինքի նիստը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 17:00-ին (երևանյան ժամանակով ժամը 20.00-ին)՝ Թուրքիայի պահանջով»,-ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ նշելով, որ մամուլի համար որևէ միջոցառում չի նախատեսվում։
Հիշեցնենք, որ այսօր թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում կործանվել է ռուսական Սու-24 կործանիչը: Թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռն իրենք են խոցել, քանի որ այն հատել էր Թուրքիայի օդային տարածքը: Ինքնանետված օդաչուների ճակատագիրն անհայտ է: