«Զվարթնոց» օդանավակայանում հարազատները դիմավորեցին փոխչեմպիոններին
Եվրոպայի փոխչեմպիոններն արդեն հայրենիքում են: Շախմատի կանանց եւ տղամարդականց Հայաստանի հավաքականները նոյեմբերի 24-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունից վերադարձան Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում փոխչեմպիոններին դիմավորելու էին եկել միայն հարազատներն ու բարեկամները:
Լեւոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսիսյանը Իսլանդիայից մեկնել են Գերմանիա՝ մրցման: Չնայած սպասասրահում քիչ էին Եվրոպայի փոխչեմպիոններին դիմավորողները, այնուամենայնիվ Հայաստանի ազգային հավաքականի շախմատիստները Երեւանում արժանացան ջերմ ընդունելության. Էլինա Դանիելյանի ամուսինը ծնկի իջած դիմավորեց իր սիրելիին:
Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի հավաքականը (Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Հրանտ Մելքումյան, Կարեն Գրիգորյան) Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: 9 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթեց Իսլանդիային, Նորվեգիային, Գերմանիային, Լեհաստանին ու Վրաստանին, ոչ ոքի խաղաց Անգլիայի, Իտալիայի, Ռուսաստանի հետ եւ միակ պարտությունը կրեց ֆրանսիացիներից: Կանանց Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 10 միավորով՝ զբաղեցնելով 11-րդ տեղը: