«Հանուն» և «դեմ» Քոչարյանի բողոքի ակցիա՝ Վերաքննիչի դիմաց. Քոչարյանի գործով բողոքի քննությունն է (ֆոտո)
Հասարակությունը սպասում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: Այդ մասին հայտարարեցին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, ովքեր այս պահին գտնվում են Վերաքննիչ դատարանի դիմաց, որտեղ ընթանում է Քոչարյանի գործով բողոքի քննությունը:
Աջակիցները վստահեցնում են, որ երկրում շարունակում է իշխել «զանգով արդարադատություն», որի միջոցով ճնշումներ են գործադրվում դատական համակարգի վրա:
Մինչ աջակիցների մի խումբ հայտարարություններ էր անում վերաքննիչի դիմաց, նրանցից մի քանիսը բարձրացան դատարանի հանդիպակաց բնակելի շենքի տանիք և պաստառ փակցրին: Աջակիցները բացականչելով բոլորի ուշադրությունը հրավիրեցին «Ո՛չ քաղաքական հետապնդմանը» գրությամբ պաստառի վրա, ինչին արձագանքելով՝ ներքևում հավաքված քաղաքացիները ծափահարեցին և վանկարկեցին «Հերոս Քոչարյան»:


Վերաքննիչի մոտ են նաև Քոչարյանի դեմ ձևավորված թիմի անդամներ, ովքեր հակադարձելով երկրորդ նախագահի աջակիցներին՝ փորձում են բացականչել «Ռոբերտ հանցագործ», սակայն նրանց ձայներն անմիջապես խլացնում են աջակիցները՝ իրենց բարձրախոսերով ու սուլիչներով:

