Ինչու 117 մլն դրամը բաժին հասավ հենց քավոր Աշոտ Բլեյանին
Վարչապետ Փաշինյանի կառավարությունը 117 միլիոն դրամ է հատկացրել Աշոտ Բլեյանին պատկանող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին։
Նշենք, որ այս կրթօջախը մասնավոր է, որտեղ կրթություն կարողանում են ստանալ դրա համար վճարելու ընդունակ ընտանիքների զավակները (տարեկան վարձը միջին դասարաններում 130 հազար դրամ է)։
Կառավարության ներկայացրած որոշման նախագծում ասված է, որ «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» միջոցառման շրջանակներում է այդ գումարը հատկացնում։
Շեշտվում է, որ այս ծրագրով կրթահամալիրը եզակի գործառույթներ է իրականացնելու։
«Հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման, տարածման համար կրթահամալիրը ստեղծում է կապեր պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների, անձանց հետ, որոնք աջակցում են ծրագրի կազմակերպման տարբեր խնդիրների լուծմանը»,- ասված է ծրագրում։
Թե ինչու է այս 117 միլիոն դրամը հատկացվել հենց Աշոտ Բլեյանի դպրոցին, և ոչ թե այլ կրթական հաստատության, պարզ է դառնում, երբ հիշում ես, թե ովքեր են սովորում այդ դպրոցում։
Վարչապետ Փաշինյանի երեխաները եղել են այս դպրոցի սան, Շուշան Փաշինյանը հիմա էլ սովորում էլ այս կրթահամալիրում, իսկ եթե մի քիչ էլ ենք հետ գնում, հասկանում ենք, թե ինչով է պայմանավորված Փաշինյանի շատ խոր ակնածանքն Աշոտ Բլեյանի անձի նկատմամբ. հիշում ենք, որ Փաշինյանն ի պատիվ քավորի է իր որդուն Աշոտ կնքել, ստանում ենք բոլոր հարցերի պատասխանները։
Իսկ երբ մի քիչ էլ հետ գնանք, կհիշենք Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի մինչ օրս պահպանված ջերմ կապերն ու 1-ին նախագահի հետ Աշոտ Բլեյանի մտերմությունը։
Այս վերհուշից հետո նվազագույնը ծիծաղելի է դառնում կառավարության նիստերը ծաղկեցնող Փաշինյանի հայտարարությունները, թե՝ ծանոթ-բարեկամների ժամանակներն այլևս անցյալում են։