Փաշինյանը Սահմանադրությունն ի՞նչ կերպ է ցանկանում «կարկատել» ապագայի համար
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ գործող իշխանությունն ունի սահմանադրական փոփոխությունների հետ կապված գաղափարներ, սակայն հստակ նախագիծ, որպես այդպիսին՝ չկա։
Միրզոյանը նշել է, որ իրենք չեն ցանկանում հարցը լուծել կոսմետիկ փոփոխություններով և ուզում են հարցերին արմատական լուծում տալ. «Ուզում ենք հիմնավոր մոտենալ խնդրին, չշտապել ինչ-որ կոսմետիկ փոփոխություններ անել: Պետք է հասկանալ, թե արմատական ինչ հարցեր կան»,-ասել է նա։
Սահմանադրական փոփոխությունների հարցը իշխանափոխությունից հետո միշտ էլ օրակարգում եղել է։ Ավելին, դա Փաշինյանի, այսպես ասած, ծրագրային դիրեկտիվներից է եղել, քանի որ նա գտնում էր, գոնե ընդդիմադիր խաղալիս, որ Հայաստանում Սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի համար և սուպերվարչապետական համակարգը սխալ է մեր նման երկրի համար։ Արդեն որպես հեղափոխական ու հեղաշրջման առաջնորդ՝ նա նույնիսկ խոստացել էր, որ հրաժարվելու է սուպերվարչապետական համակարգից, սակայն թե երբ՝ չի ասել։
Ու ինչպես հայտնի խորհրդային ֆիլմում են ասում՝ «գուցե վաղը, իսկ գուցե և վաղը չէ մյուս օրը»։ Ամեն դեպքում, փաստն այն է, որ Սերժ Սարգսյանի համար կարված Սահմանադրությունն այժմ շատ հարմար նստել է Փաշինյանի վրա, ու նա ոչ մի կերպ չի ուզում հագից հանել այդ թանկարժեք կոստյումը։ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ, ըստ էության, ոչինչ չկա, որից կարելի լինի որևէ բան հասկանալ։ Թերևս կարևոր է միայն այն, որ իշխանությունում սկսել են արմատական հարցեր որոնել սահմանադրական փոփոխությունների գնալու համար։
Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման նախադեպը հաշվի առնելով, կարելի է ասել, որ սահմանադրական փոփոխությունները հատկապես օգտավետ աշխատում են իշխանությունը պահելու օպերացիա իրականացնելու դեպքում։ Իսկ այն, որ իշխանությունում այս հարցը քննարկվում է, արդեն կարելի է ասել, որ հասկացել են, որ իշխանության պահպանումն այլևս կապ չունի հեղաշրջման էյֆորիկ ոգևորության հետ, ու պետք է ինչ որ այլ ձևեր փնտրել, բացի լեգիտիմ ընտրությունները, իշխանության ղեկին մնալու համար։
Իր հրապարակային ելույթներում Փաշինյանը մի քանի անգամ խոսել է այն մասին, որ պետք է ուժեղացնել խորհրդարանը և իր սուպերվարչապետությունը կրճատելով ուժեղացնել խորհրդարանը։ Հետաքրքիր է, որքանո՞վ նա այժմ այս գիծը կշարունակի առաջ տանել, թե՞ կփորձի դաշինք կազմել Արմեն Սարգսյանի հետ՝ իշխանության մի մասնիկ նրան զիջելով՝ մեծ մասն իրեն պահելու գնով։
NEWSPRESS.am