«Ձեռ ու ոտ են ընկնում, որ «այո» ասենք». արմավիրցիներ
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի գլխավոր մայրուղով չես կարող անցնել. գյուղ տանող ճանապարհը բարեկարգում են: newspress.am-ի հետ զրույցում համայնքի բնակիչները նշեցին, որ բարեկարգման մասին համայնքում մտածում են միայն ընտրությունից ընտրություն, այս անգամ էլ պատահական չեն հիշել. առջևում հանրաքվեն է . «Ուզում են մեզ կաշառած լինել, որ այո ասենք: Եթե կաշառք չի, ապա ի՞նչ է: Երբ խնդրում էինք, որ գյուղ եկող ճանապարհը բարեկագեին, ասում էին, որ կառավարությունը բյուջե չի տրամադրում, փող չկա, միանգամից փող ունեցան ու բարեկարգեցին»,- ասացին բնակիչները:
Գյուղացներից մեկն էլ նկատեց, որ գյուղում ակտիվորեն «այո»-ի քարոզարշավ է անցկացվում. «Հիմա մենք ինչ խնդիր ունենանք, գնանք ասենք` միանգամից կլուծեն, ես նույնիսկ չէի զարմանա, որ երկնքից աստղ էլ ուզեմ, մենակ նրա համար, որ այո ասեմ` աստղը կիջեցնեն»:
Գյուղացիներն ասում են, որ մեծամասնությունը ոչ է ասելու: «էսօր ճանապարհը բարեկարգեցին, մի հինգ վեց տարի մեզ կմոռանան, հետո նորից մի բան կմոգոնեն ու նորից մեր կարիքը կզգան ու նորից ոտ ու ձեռ կընկնեն, որ ձայն տանք, բայց մենք արդեն փոխվել ենք, մենք արդեն էդ ամենը լավ հասկանում ենք ու ոնց որ թե չորը թացից տարբերում ենք»,-ասաց գյուղացիներից մեկը :