Այրված ինքնաթիռի բորտուղեկցորդուհին մանրամասներ է հայտնել
«Շերեմետևո» օդանավակայանում այրված Sukhoi Superjet 100 օդանավում գտնվող բորտուղեկցորդուհի Տատյանա Կասատկինան պատմել է ուղևորների տարհանման մասին: Այդ մասին գրում է vz.ru-ն:
Տատյանա Կասատկինայի խոսքով՝ ուղևորները վեր են կացել իրենց տեղերից և շարժվել ելքի կողմը դեռ այն ժամանակ, երբ ինքնաթիռը արագ շարժվում էր: Ուղևորները նաև գոռացել են ու բղավել, որ օդանավն այրվում է: Կասատկինան նաև հայտնել է, որ ինքնաթիռը կանգնեցնելուց անմիջապես հետո անձնակազմի անդամները սկսել են տեղափոխել մարդկանց:
«Ամեն ինչ շատ արագ եղավ, ոչ մի վայրկյան ժամանակ չկար: Ուղևորները հրում էին միմյանց: Յուրաքանչյուրին օձիքից էի բռնում քաշում, որպեսզի դուրս գան, փրկվեն»,- հիշում է Տատյանա Կասատկինան:
Բորդուղեկցորդուհին տեղեկացրել է նաև, որ ինքնաթիռին հարվածել է կայծակը, որից հետո հաղորդակցության խնդիրներ են առաջացել, ինչի մասին ավելի վաղ տեղեկացրել է նաև Superjet-ի օդաչուն:
Տատյանա Կասատկինան նշել է, որ ներսում բոց չի եղել, սակայն որոշ ուղևորներ նկատել են, որ պատուհանները սկսել են հալչել մինչ ինքնաթիռը կանգնեցնելը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի հրդեհի հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել է 22 մարդ: