Ամբերդի պահպանվող տարածքում «քյաբաբնոց» ու ռեստորան են սարքում․ փոխնախարար
Ամբերդի պահպանվող տարածքից դուրս մնացած հատվածում կառուցվել է քաբաբանոց։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։
Նախարարությունը տեղեկություններ ունի, որ այդ «քյաբաբնոցը» պատկանում է
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետն Մանուկ Մանուկյանին։
Վերջինիս թույլտվությամբ, Ամբերդի պահպանվող տարածքում իրականացվում է մեկ այլ շինարարություն ևս։
«Կառուցապատողը Մանուկյանի տղան է։ Այդ շինարարական աշխատանքների մասին մենք իմացել են ֆեյսբուքյան գրառումներից, քանի որ իրականում հենց Մանուկ Մանուկյանը պետք է տեղյակ պահեր դրանց մասին։ Այդ տարածքում կառուցապատողը` Սիրակ Մանուկյանը, մինչև 2012թ. Ամբերդ ամրոց-համալիրի ղեկավարն է եղել։ Այժմ տեղում ռեստորան են ուզում կառուցել։ Բարեբախտաբար, իրականացվող շինարարական աշխատանքներն ապրիլի 26–ից մեր հորդորով ժամանակավորապես դադարեցվել են։ Իսկ մեր այցի օրը հնագետներն Ամբերդի տարածքից մարդկային ոսկորներ ու դամբարան են հայտնաբերել»,- ասաց Գալստյանը։
Մշակույթի նախարարությունն արդեն դատախազություն է դիմել` Ամբերդի պահպանվող գոտու տարածության փոփոխման հիմնավորման հարցով։
«Հնագետների ու դատախազության հիմնավորումներից հետո միայն մենք կկարողանանք խոսել Մանուկյանին աշխատանքից ազատելու կամ էլ շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին»,- ասաց փոխնախարարը: