Երևանն ի վիճակի կլինի հաշտեցնել Կիևին ու Մոսկվային
Ապրիլի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական կենտրոնական հեռուստատեսության եթերով բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել։
Առհասարակ, վերջին շրջանի պրոռուսական ուղղակի ու անուղղակի գործողությունների ֆոնին այս մեկը թերևս կարելի է համարել ամենից արդյունավետը, քանի որ բխում է ոչ միայն զուտ իր անձնական շահերից, այլ նաև մեր պետության։
Խոսքը ռուս-ուկրաինական հարաբերությունների նորմալացման, երկխոսության սկսման և Պուտին-Զելինսկի շփումների մասին է։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ռուս-ուկրաինական հարաբերություններն այնքան են լարվել, որ դրանց լիցքաթափման և առավել ևս նորմալացման համար պետք կլինեն տարիներ։ Խոսքը ոչ թե հորիզոնական, այսինքն՝ պարզ քաղաքացիների մակարդակի հարաբերությունների, այլ քաղաքական կամ աշխարհաքաղաքական որոշակի ուղեգծերում գտնվող էլիտային խմբերի մասին է, բավական բարդ ու խճճված շահեր հետապնդող որոշում կայացնող գործիչների։
Սակայն մյուս կողմից էլ հասկանալի է, որ երկու ազգակից ժողովուրդների միջև ուշ թե շուտ այդ դիալոգը լինելու է, որքան էլ ռուսները Դոնբասում և Լուգանսկում ռուսական անձնագրեր բաժանեն, կամ Կիևից ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ հրավիրելու հայտ ներկայացնեն։
Կարևորն այստեղ այն է, թե ով կկարողանա կամ ի վիճակի կլինի հանդես գալ որպես հաշտարար միջնորդ։ Փաշինյանը, ով աչքի չի ընկնում արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ լուրջ տեսլականով իր՝ վերոնշյալ հայտարարության մեջ բավական հետաքրքիր «մեսիջներ» է ուղարկել և Կիևին և Մոսկվային, ըստ ամենայնի հայտ ներկայացնելով դառնալու այդ հաշտարար միջնորդը։ Սա շատ կարևոր քայլ է և բավականին հեռանկարային։
Հետսովետական տարածքում Երևանը հիմա գրեթե նույն հարթակում է, ինչ Վրաստանն ու Ուկրաինան, որպես արևմտյան արժեքների հանդեպ հետաքրքրություն ունեցող երկիր։ Այս առումով, այն Կիևում լիովին լեգիտիմացված իշխանություն ունեցող երկիր է։ Թեկուզ միայն Զելինսկու հաղթանակի առիթով Փաշինյանի ուկրաիներեն շնորհավորանքը և դրա արձագանքը ուկրաինական միջավայրում դա կարող է վկայել։
Մյուս կողմից, Երևանը պահպանում է դրական հարաբերությունները Մոսկվայի հետ, ի տարբերություն մյուսների և շնորհիվ իր այդ «ոչ ձկնամիս, ոչ կարմիր միս» դիպլոմատիկայի, կարող է լիովին կապող կամուրջի դեր ստանձնել Մոսկվայի և Կիևի միջև, իսկ հաջողությամբ այս, այսպես ասած, դիվանագիտական օպերացիան գլուխ բերելով էականորեն կբարձրանա Երևանի վարկանիշն ու հեղինակությունը։
Մնում է հուսալ, որ Փաշինյանի թիմում կկարողանան ճիշտ կերպով այս օպերացիան իրականացնել և դառնալ կարևոր խաղացող հետսովետական տարածքում։