Բայց ի՞նչը վրիպակ չէ, ի՞նչ են արել էդ մարդիկ․ Գարիկ Սարգսյանը 20 000 ձայն է հավաքել, ո՞վ է բերել էդքան․ Փաշինյանը՝ իր կադրերի մասին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի թերացումները որակում է որպես վրիպակ։ Այդ մասին նա ասաց Սահմանապահի օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում։ Վերջիններս հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում վարչապետն իր թիմի աշխատանքը և ինչպես է վերաբերում նրանց թերացումներին։
«Բայց ի՞նչը վրիպակ չէ, ի՞նչը վրիպակ չէ, ի՞նչ են արել էդ մարդիկ, եթե վատ բան են արել, տանենք, դատենք»,-ասաց նա։
Լրագրողները նկատեցին, որ խոսքը վերաբերում է մասնագիտական թերացումներին։ Նրանք մասնավորապես անդրադարձան Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի «վրիպակներին»՝ 40 հազար հա տարածքի, թռչող կոկորդիլոսների և նման այլ հայտարարությունների հետ կապված։ Արձագանքելով այս դիտարկումներին, Փաշինյանը նկատեց, որ ընտրությունների ժամանակ Սարգսյանն ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն է եղել։
«Գարիկ Սարգսյանը 20 հազար ձայն է հավաքել։ «Իմ քայլը» ուրիշ թեկնածուներ էլ ուներ, բայց նա է բերել էդքան։ Այսինքն՝ մարզպետի աշխատանքը ես չեմ գնահատում, այլ մարզի ժողովուրդն է գնահատել»,- նշեց Փաշինյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետը կենտրոնացած է Մարտի 1-ի գործի վրա և երկրորդ պլան է մղել մյուս հանցագործությունները, որոնցից է, օրինակ, Հոկտեմբերի 27-ի դեպքը, Փաշինյանն արձագանքեց․ «Ո՞վ է կենտրոնացած, ես կենտրոնացած չեմ․ գործով կենտրոնացած են քննչական մարմինները, իսկ իմ խնդիրը նրանց ավելի կենտրոնացնելն է»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում