ՔԿՀ-ներից մեկում բանտարկյալները բորբոսնած ջուր են խմում
Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց քրեակատարողական հիմնարկների ներքին վիճակը։ Պատկերն այնքան գունեղ ներկայացվեց, որ Փաշինյանի մոտ ցանկություն առաջացավ լինել բանտում ու համտեսել բանտարկյալների սննդից։
Սակայն իրականում իրավիճակն այնքան էլ գունեղ չէ, որքան ներկայացվեց։ Համենայնդեպս NEWSPRESS.am-ի հավաստի աղբյուրների համաձայն՝ ՔԿՀ-ներից մեկում բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքն անմարդկային է։
Մեր տեղեկություններով՝ բանտարկյալները սննդից այնքան էլ դժգոհ չեն․ ուտում են այն, ինչ տալիս են։ Նրանք ավելի շատ դժգոհում են պայմաններից ու ջրից։ Խոնավ պայմաններում, հողի վրա, կրելով իրենց պատիժը, դատապարտյալները նաև ստիպված են բորբոսնած ջուր խմել։ Հատուկ տարաներում լցված ջուրը խոնավ պայմաններում արագ բորբոսնում է, սակայն այդ ջուրը ոչ ոք չի շտապում թարմացնել և բանտարկյալները հաճախ ստիպված են լինում նույնիսկ մի քանի օր շարունակ բորբոսնած ջուր խմել, ինչը հակահիգենիկ է ու վտանգավոր առողջության համար։
Իհարկե, հարազատները դժգոհում են նաև, որ իրենց բանտարկյալներից այլևս չեն կարողանում հեռախոսազանգեր կամ նամակներ ստանալ, քանի որ խստացված ռեժիմով են աշխատում, սակայն գոնե դա օրինական է և չենք փորձում անդրադառնալ խնդրին։
Հարկ ենք համարում նկատել միայն, որ անմարդկային պայմաններում իրենց գոյը մի կերպ պահելով՝ բանտախցերում մարդիկ դատապարտված են ո՛չ միայն ազատազրկման, այլև տարբեր հիվանդությունների ձեռքբերման։