Բացումը «ֆեյք» չէր․ ՀՀ-ում հեռուստացույցներ կարտադրվեն (տեսանյութ)
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրելու առաջարկին։
Նախագիծը կառավարությանը ներկայացնող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային սարքավորումների` հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների և օդորակիչների արտադրության մեջ։
«Հիշո՞ւմ եք, որ մամուլում հրապարակումներ են եղել, որ մենք գնացինք բացեցինք, և դա «ֆեյք» բացում էր, իրականում չի աշխատում»,- նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ֆեյք չի եղել, իրենք լրացուցիչ հարցում են կատարել։ Մի քիչ ուշացել են պլանները, բայց աշխատակիցները վերապատրաստված են, առաջին խմբաքանակը, որ սպասում է մաքսազերծման, Փոթիի ճանապարհին է: Առաջիկա ամսվա ընթացքում առաջին խմբաքանակը կհավաքվի եւ կիրացվի»,- պատասխանեց Տիգրան Խաչատրյանը։
Փաշինյանին հետաքրքրեց, թե հայկական հեռուստացույցների արտադրությո՞ւն ենք ունենալու, ինչին նախարարը դրական պատասխան տվեց։
Մանրամասները՝ տեսանյութում