Ստորացման երկրորդ երեսը
Մինչ ամբողջ Հայաստանը քննադատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը Նորագավիթի մաքսատանը, վարչապետը չի հասկանում, թե իրեն հասարակությունն ինչո՞ւ է քննադատում։
Ասում է, որ չէր պլանավորել, որ պետք է մտներ մաքսատան այդ սենյակ՝ առանց անկեղծանալու, որ այնտեղ պետական դրոշը ոչ թե գետնին գցած է տեսել, այլ դրված, այն էլ՝ սենյակի անկյունում։
Փաշինյանը լռում է այն մասին, որ այս հարցում ինքն ու իր թիմն էժանագին մանիպուլյացիաներ են տարածում։
Վարչապետ Փաշինյանը հպարտորեն կրկնում է՝ ՊԵԿ աշխատակցին հրահանգել է աշխատանքից ազատվելու դիմում գրել, սակայն չի ցանկանում շեշտել, որ քաղաքացին իրենից բարձր է գտնվել ու գրել է, որ ցանկանում է աշխատանքից ազատվել իր դիմումի համաձայն, ոչ թե Փաշինյանի հրահանգով, ինչն օրենքի խախտում էր։
Բայց վարչապետը սրան էլ պատասխան ունի՝ ասում է՝ է՜ թող չգրեր, ես ի՞նչ անեմ․ ասում է ու իր սխալ քայլը հիմնավորում, թե ՊԵԿ-ում տեղի ունեցած այդ միջադեպից հետո բոլորը սկսել են պետական դրոշի նկատմամբ ավելի ուշադիր լինել։
Փաշինյանը չնկատելու է տալիս ամենակարևորը՝ քաղաքացու ստորացումը, այն էլ՝ ուղիղ եթերում, հազարավոր մարդկանց աչքի առաջ։
Չի ցանկանում խոսել նաև խնդրի իրավական կողմի մասին, քանի որ հստակ գիտակցում է, որ իրավական հարթության վրա պարտված է։ ցավալի է, որ վարչապետը դեռ չի ընդունում, որ բարոյական հարթության մեջ ևս ծանր՝ 10։0 պարտություն է կրել։
Փաշինյանը չի գիտակցում իր սխալները, ինչի պատճառով դրանք սկսել են ավելի ակնառու դառնալ ու հաճախակի կրկնվել:
Երկրի ղեկավարի այսօրվա պատասխանները լսելիս ակնհայտ է դառնում, որ նա կորցրել է վերահսկողությունը երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Նա այլևս կանգնած է սեփական վարկանիշի կործանման եզրին, որը ձնագնդիի էֆեկտով մեծանում է թե՛ իր, թե՛ տիկնոջ ձախողումների պատճառով, իսկ Փաշինյանի քաղաքական թիմի գաղափարական սնանկությունն այդ ձնագնդին գլորում է մեծ արագությամբ՝ իշխող ուժին տանելով դեպի տապալում։