Առերևույթ կեղտին ուշադրություն դարձնելու փոխարեն, լավ կլիներ վարչապետն անդրադառնար համակարգի խեղճուկրակությանը
«Հայկական բարեփոխումների խումբ» նախաձեռնության ղեկավար Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում նկատել է․
«Նիկոլի այցը Նորագավիթի մաքսատուն բացահայտեց մի շատ կարևոր իրողություն, որը գալիս է նախորդ իշխանություններից, բայց իներցիայով շարունակվում է նաև այսօր:
Շատ գոհ կլինեի, եթե ՀՀ վարչապետը, փոխանակ առերևույթ կեղտին ուշադրություն դարձնելու, անդրադառնար մեր պետական համակարգի խեղճուկրակությունը բացահայտող այս բովանդակային երևույթին: Ինչո՞ւմն է խնդիրը` ՀՀ-ն տարիներով իրեն պատկանող գույքը և տարածքներն օտարել է մասնավորին և հետո իր ենթակառույցների աշխատանքը կազմակերպելու նպատակով այդ իսկ տարածքները վարձակալել մասնավորից։ Նույն պատկերն էր նաև այս մաքսատանը, որտեղի փնթի վիճակը ՊԵԿ աշխատակիցները բացատրում էին հենց այն հանգամանքով, որ տարածքը վարձակալված է և «չարժի» այնտեղ բարեկարգման նպատակով գումար ծախսել:
Սա նախկին իշխանությունների կողմից պետական կառույցներին «կթելու» կոռուպցիոն մեխանիզմ կարելի է համարել, ինչն այսօր պետք է մերժվի...»։