Վերսկսվել են Թումանյանից Բագրատաշենի սահմանային անցակետ տանող ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6)
ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի
(Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները,
որոնց մեկնարկը տրվել էր 2018թ. մայիսին, վերսկսվել են։ Բարենպաստ եղանակը
թույլ է տալիս շինարարությանը լայն թափ հաղորդել։
Իրականացվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների և
հենապատերի կառուցման, ջրագծերի տեղափոխման, ասֆալտբետոնե ծածկի մաշված
շերտի հեռացման աշխատանքներ։
Առանձնակի ուշադրություն է դարձվում ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող
տեղամասին։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները վստահեցնում են,
որ կանեն հնարավորը Ալավերդի քաղաքի վարչական տարածքում մայթերի
կառուցումը, երթևեկամասի նոր հիմքի տեղադրումը և կամուրջների վերանորոգումն
արագ ավարտելու համար, որպեսզի ամռանն արդեն սկսեն նշված ճանապարհահատվածի
ասֆալտապատումը։
Նշենք, որ շինարարության առաջին փուլով Վանաձորից մինչև Թումանյան կայարան
38.45 կմ հատվածում նախատեսված աշխատանքներն ավարտվել են, ճանապարհահատվածը
հանձնվել է շահագործման:
Հիմնանորոգվող ավտոճանապարհի 2-րդ հատվածը, որի երկարությունը 51.74 կմ
է, ընդգրկում է Թումանյան կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ
ընկած ճանապարհահատվածը։
Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2020թ. տարեվերջին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն