Ռոբերտ Քոչարյանի որդու պաշտպանների բողոքը բավարարվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Այս մասին հայտնում է Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը։
«Դատարանն արձանագրել է, որ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում»,– նշված է հայտարարության մեջ:
2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել («Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն»), որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը գտել էր, որ հիշյալ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը և բողոք էր ներկայացրել դատարան:
Read more: https://armeniasputnik.am/armenia/20190406/17949116/robert-qocharyani-pashtpanneri-boxoqy-bavararvel-e.html