«Դա ոչ թե իմ, այլ Հայաստանի համար է սկզբունքային գործ». Փաշինյանը՝ Քոչարյանի կալանավորման և «Մարտի 1»-ի գործի մասին (տեսանյութ)
Արժե՞ր վերաակտիվացնել 10 տարվա վաղեմության քրեական գործը, РБК հեռուստաընկերության թղթակցի տված այս հարցին ի պատասխան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Կներեք, իհարկե, ես մեկը մյուսի հետ չեմ համեմատում, բայց այժմ, օրինակ, բազմաթիվ երկրներում, և եթե չեմ սխալվում՝ նույնիսկ Ռուսաստանում, քննվում են քրեական գործեր՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հետ: Այսինքն՝ երբ խոսքը մարդկային կյանքերի մասին է, կարծում եմ, որ պետք չէ դնել ինչ-որ սահմանափակումներ»,- ասել է Փաշինյանը։
Նա նկատել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքով քրեական գործի համար սահմանված է հստակ վաղեմության ժամկետ, որը մարտիմեկյան դեպքերի հետ կապված գործի դեպքում սպառված չէ:
«Դա ոչ թե իմ, այլ Հայաստանի համար է սկզբունքային գործ, որովհետև, գիտեք, երբ զոհվում է 10 քաղաքացի, դա չի կարող հենց այնպես անցնել: Պետք է հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ»,- նշել է Փաշինյանը։