Սահմանադրությունը խախտող իշխանությունը պետք է հեռացվի
«Սահամանդրությունը փոխելու հասարակական պահանջ չկա։ Մենք անընդունելի ենք համարում բոլոր բացասական երեւույթները Սահմանադրության վրա բարդելը»։ Այս մասին այսօր` նոյեմբերի 20–ին, սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «ՈՉ»–ի ճակատի հանրահավաքին Ազատության հրապարակում ասաց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։
Նրա դիտարկմամբ` երկրի աղետալի վիճակի պատճառը ոչ թե Սահմանադրության անկատարությունն է, այլ Սահմանադրության ոտնահարումը։
«Պարզվում է` այս երկրում ոչ մի հանցագործության համար մեղավոր չկա, ամեն ինչի մեղավորը Սահմանադրությունն է։ 2005–ին նույնն էին ասում, բայց դրանից հետո եղավ Մարտի 1, արտագաղթ, աղքատություն»,– ասաց Դեմիրճյանը։
Այն, որ երկրում փոփոխություններ են հարկավոր, Ստեփան Դեմիրճյանը չի ժխտում, սակայնըստ նրա` դրանք չպետք է լինեն մի խումբ մարդկանց շահերից բխող հապճեպ փոփոխություններ:
«Փոփոխությունները չպետք է իրականացնի այն մարդը, որի պատճառով երկիրը հայտնվել է այս վիճակի մեջ։ Սահմանադրությունը խախտող իշխանությունը պետք է հեռացվի, ոչ թե Սահմանադրություն փոխի»,– ասաց Դեմիրճյանը:
Նրա խոսքով` երկիրն աղետալի վիճակից հանելու գլխավոր նախապայմանը արդար ու ազնիվ ընտրությունների ճանապարհով իշխանություն ձևավորելն է։