«Ազատամարտիկների դաշինքը» միացել է «ՈՉ»–ի ճակատի
Մենք պետք է ամեն վայրկյան ապացուցենք, որ երկրի ապագան մեր ձեռքում է: Այս մասին այսօր` նոյեմբերի 20–ին, սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «ՈՉ»–ի ճակատի հանրահավաքին Ազատության հրապարակում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը: «Ազատամարտիկների դաշինքը» համագործակցելու է բոլոր այն ուժերի հետ, որոնց նպատակն իշխանափոխությունն է։
«Մենք` ազատամարտիկներս, համոզված ենք, որ երկրում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա։ Գործող սահմանադրությամբ ավելի հեշտ է լուծել երկրի առջեւ ծառացած անվտանգության եւ սոցիալական խնդիրները։ Մենք համոզված ենք, որ առաջարկվող փոփոխությունները միտված չեն ի շահ հայ ժողովրդի եւ հայոց պետականության, այլ իշխանության դիրքերի ամրապնդմանը եւ վերարտադրմանը։ Դաշինքը համագործակցելու է բոլոր այն ուժերի հետ, որոնց նպատակը իշխանափոխությունն է եւ երկրում իրավունքի գերակայութան հատատումը»,– ասվում էր հայտարարությունում։