Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Վազող տողեր

Ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես Նախիջևանում. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում (ֆոտո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհավորել տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսեսին՝ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթել բոլորիս արդյունավետ քննարկումներ նրա նախագահության ներքո:

Տիկնայք և պարոնայք,

Պատիվ ունեմ ձեզ դիմել որպես մի առաջնորդ, ով վերջերս դարձել է Հայաստանի վարչապետ ժողովրդական հեղափոխության արդյունքում, որն այժմ առավել հայտնի է որպես «Հայկական թավշյա հեղափոխություն»:

Կցանկանայի հակիրճ անդրադառնալ ավտորիտար իշխանության նկատմամբ մեր տարած հաղթանակին: Հայաստանի ժողովրդին հաջողվեց իրականացնել անկանխատեսելի և աննախադեպ հեղափոխություն՝ առանց բռնության, զոհերի կամ հասարակական անկարգությունների:

Եվ դա պատահական չէր: Մեր նպատակը սիրո և համերաշխության հեղափոխություն կատարելն էր: Ի սկզբանե մենք հայտարարեցինք, որ բացառելու ենք ցանկացած բռնություն: Մենք հայտարարեցինք, որ եթե նույնիսկ բռնություն գործադրվեր մեր դեմ, մենք չէինք արձագանքի բռնությամբ: Մենք հայտարարեցինք, որ մեր պատասխանը դրսևորվելու էր վեր բարձրացրած բաց ձեռքերով, սիրով ու ժպիտով:

Մենք այս քաղաքական գործընթացն սկսեցինք ընդամենը մեկ տասնյակ մարդկանց հետ քայլարշավ կատարելով Հայաստանի երկրորդ քաղաքից` Գյումրիից դեպի մայրաքաղաք: Երբ հասանք Երևան և ցույց տվեցինք մեր վճռականությունն ու հավատարմությունը բռնություն չկիրառելու սկզբունքին, մեր ամբողջ ազգը միահամուռ և համերաշխ կերպով ոտքի կանգնեց ընդդեմ իշխող վարչակարգի: Եվ մենք հաղթեցինք բացառապես խաղաղ ցույցերի միջոցով՝ առանց գեթ մեկ կրակոցի և առանց զոհերի: Մենք հաջողեցինք հակառակ բոլոր կանխատեսումների. նույնիսկ հայտնի փորձագետները թերահավատ էին մեր հաղթանակի նկատմամբ:

Այդուհանդերձ, ես ընտրվեցի վարչապետ: Ես ընտրվեցի մի խորհրդարանում, որտեղ ունեի ընդամենը չորս վստահելի ձայն, այդ թվում` իմ սեփականը: Սակայն դա հնարավոր եղավ: Դա տեղի ունեցավ, քանի որ մարդիկ պահանջատեր էին և ընդամենը մեկ տարի առաջ ընտրված խորհրդարանն անսաց ժողովրդի կամքին՝ չունենալով այլընտրանք: Այսօր խորհրդարանը շարունակում է աշխատել, բայց այն չի ներկայացնում մեր ժողովրդի կամքը, ճիշտ այնպես՝ ինչպես նախկինում էր և հեղափոխության ժամանակ: Ինչո՞ւ է այդպես: Պատասխանը կարճ է՝ քանի որ այն ընտրվել է ընտրական գործընթացի կոպիտ խախտումներով, այդ թվում՝ վարչական ռեսուրսի և ճնշումների գործադրմամբ:

Իրապես ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու համար կարևոր քննություն էին Երևանի ավագանու ընտրությունները, որոնք տեղի ունեցան Նյու Յորք մեկնելուցս անմիջապես առաջ: Այն, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր թեկնածուները շնորհավորեցին հաղթող թեկնածուին, խոսում է Հայաստանում միանգամայն նոր քաղաքական մշակույթի հաստատման մասին:

Այդ նույն ոգով մենք պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն, որը կհանգեցնի ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների և հակակշիռների գործուն համակարգի կայացմանը: Մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, խոսքի, խղճի և հավաքների ազատությունն ապահովելը մեր օրակարգի առանցքային կետերից մեկն է: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը չարաշահելու ու խարխլելու հնարավորություն չի լինի:

Ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը սոսկ կառավարության կամ իշխող կուսակցության փոփոխություն չէ: Ստեղծվում է նոր քաղաքական և կառավարման համակարգ, որը մենք կոչում ենք ժողովրդի ուղղակի, անմիջական իշխանություն և կառավարում: Այս համակարգն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար մենք մտադիր ենք երաշխավորել ժողովրդի կամարտահայտությունը ոչ միայն ընտրությունների, այլև տեղական և ազգային հանրաքվեների միջոցով, որպեսզի մարդիկ ներգրավվեն որոշումների կայացման գործընթացում: Ինքս լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ գիտեմ, թե որքան թանկ է խնդիրները բարձրաձայնելու և սեփական ապագան որոշելու հնարավորությունը:

Ստանձնելով պատասխանատվություն` մեր թիմն ունի հստակ տեսլական և հզոր քաղաքական կամք` իրականացնելու հիմնարար բարեփոխումներ՝ ուղղված կոռուպցիայի վերացմանը, թափանցիկ, հաշվետու և արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության ապահովմանը, ինչպես նաև խթանելու տնտեսական աճն ազատ և մրցակցային գործարար միջավայրի ու ներդրումների համար նպաստավոր մթնոլորտի միջոցով:

Պարոն նախագահ,

Չնայած ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններին, մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր: Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի և հուսալի գործընկեր է: Մեր միջազգային պարտավորությունները ենթակա չեն վերանայման: Մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության և համագործակցության բոլոր գործընկերների հետ: Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին: Մենք կարևորում ենք բազմակողմանիության դերը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում:

Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Հայաստանը ներգրավված է համապարփակ և կենսունակ համագործակցության ծրագրերում: Թույլ տվեք առանց մանրամասնելու հիշատակել մեր մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղության գործողություններին, որոնց աշխարհագրությունն ավելի քան տպավորիչ է՝ Աֆղանստանից Լիբանան, Կոսովո, Մալի և այլն: Սա առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրի համար, որն ինքն ունի անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ: Մենք գիտակցում ենք, որ մեկ երկրի անվտանգությունը սերտորեն առնչվում է մյուս երկրների անվտանգության հետ, և որ գլոբալ խաղաղությունը պահանջում է համաձայնեցված գործողություններ:

Մենք իսկապես համաշխարհային ազգ ենք, հարյուրավոր աշխարհասփյուռ համայնքներով հանդերձ: Այստեղից էլ բխում է Հայաստանի մտահոգությունը համամոլորակային սպառնալիքների առնչությամբ, որոնք կարող են վտանգի ենթարկել մեր հայրենակիցներին աշխարհի տարբեր անկյուններում: Սիրիական ճգնաժամի պատճառով այսօր վտանգված է մեծաթիվ սիրիահայ համայնքի գոյությունն ընդհանրապես: Հայաստանը փորձում է սատարել ճգնաժամային տարածաշրջաններին մարդասիրական օգնության միջոցով: Մենք պատրաստ ենք ընդարձակել Հայաստանի մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի մեր համայնքի հրատապ կարիքների բավարարմանը: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ազգ, հայերն առավել զգայուն են իրենց մերձավորների անվտանգության հարցում և պատրաստ են ամեն ինչ անել նրանց պաշտպանելու համար:

Պարոն նախագահ,

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է գերակշռել մեր արտաքին քաղաքական օրակարգում: Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում: Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար: Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը: Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը:

Ավելին, եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն:

Ամփոփելով` թույլ տվեք վերահաստատել. հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության և ոչ թե պատերազմի մթնոլորտում:

Եվ վերջում չափազանց կարևոր եմ համարում իմ երախտագիտությունը հայտնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի և մոտեցումների հանդեպ իր անվերապահ աջակցության համար:

Պարոն նախագահ,

Մեր խորհրդակցությունների թեման, այն է` «Միավորված ազգերի կազմակերպությունը բոլոր մարդկանց համար. գլոբալ առաջնորդություն և համընդհանուր պատասխանատվություն խաղաղ, արդար և կայուն հասարակությունների զարգացման համար», ենթադրում է հետևողական մոտեցում Օրակարգ-2030-ին և կայուն զարգացման նպատակներին: Միավորված ազգերի կազմակերպությունը և նրա Զարգացման օրակարգը պետք է լինեն ներդաշնակ և մատչելի բոլորի համար: Ոչ ոք չպետք է անտեսվի, ինչը ենթադրվում է մեր հավաքական ջանքերում:

Ավելի վաղ՝ այս տարվա հուլիսին, Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ Հայաստանը ներկայացրեց իր առաջին կամավոր ազգային զեկույցը կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Այս կարևոր իրադարձությունը համընկավ դարակազմիկ քաղաքական զարգացումների հետ, որոնք բնորոշվում են ակտիվ ժողովրդավարական գործընթացներով և լայնամասշտաբ բարեփոխումներով:

Հայաստանը հավատարիմ է գիտելիքահեն և նորարարական հարթակների արարման իր հանձնառությանը, որը կոչված է արագացնել Զարգացման օրակարգի իրականացումը: Այս առումով, մենք ընդունում ենք ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների անփոխարինելի դերը, ինչպես նաև այլ գործընկերների հետ համագործակցության կարևորությունը: Որպես ECOSOC- ի նորընտիր անդամ և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, Հայաստանը կնպաստի ներառական և կայուն աճին, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

Տիկնայք և պարոնայք,

2018 թվականն այն տարին է, երբ կնշենք մարդու իրավունքներին առնչվող երկու կարևորագույն փաստաթղթերի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիայի 70-ամյակը: Այդ փաստաթղթերից յուրաքանչյուրն ունի իր սեփական պատմությունը և նրանցից յուրաքանչյուրը դարձել է միջազգային իրավունքի զարգացման համար անկյունաքար:

Նրանք մեզ համար հիմք ծառայեցին Ցեղասպանության հանցագործության դեմ գլոբալ համաժողովի նիստերի շարք նախաձեռնելու համար: Այս տարի այն նվիրված կլինի կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության կանխարգելմանը: Ակնկալում եմ ձեր ներդրումն ու գործուն մասնակցությունը Ֆորումի աշխատանքներին:

Տիկնայք և պարոնայք,

«Ապրել միասին»-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նշանաբանն է, որը տեղի կունենա հոկտեմբերին 2800-ամյա մայրաքաղաք Երևանում: Հայաստանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է` աշխարհասփյուռ ֆրանկոֆոն ընտանիքին իր անդամակցությունը, մշակույթի, կրթության և նորարարության բնագավառներում համագործակցության միջոցով հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ջատագով լինելը: Ես վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցության մեր հրավերը, որը ենթադրում է միևնույն համատեքստում նախատեսված բազմաթիվ միջոցառումների անցկացում:

Շնորհակալություն»:

Վարչապետ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է նաև «Խաղաղապահ գործողություններ» թեմայով բարձր մակարդակի քննարկումներին: