Խաղաղ բնակիչները ԻՊ-ի համար «կենդանի վահան» են
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը խաղաղ բնակիչներին որպես «կենդանի վահան» է օգտագործում Մեծ Բրիտանիայի ավիահարվածներից պաշտպանվելու համար, գրում է The Telegraph-ը:
Ծայրահեղականները մտադրված թաքնվում են քաղաքացիական շենքերում՝ խաղաղ բնակիչների մոտ, որպեսզի պաշտպանվեն ռմբակոծություններից:
Հոդվածի հեղինակը նշում է, որ այդ մասին հայտնի է դարձել շնորհիվ այն բանի, որ պարբերականին հասանելիություն է տրամադրվել մտնելու Միացյալ Թագավորության անօդաչու սարքերի բազա:
Հրամանատարների հայտարարությունների համաձայն՝ բրիտանական ինքնաթիռներն արդեն մի քանի շաբաթ է հարվածներ են հասցնում զինյալների դիրքերին:
«Մենք կարող ենք հետևել, թե մեր թիրախներն ինչպես են մտնում շենք, այնուհետև մենք սպասում ենք, թե երբ են նրանք դուրս գալու: Մենք նրանց հետևում ենք անօդաչու սարքերի միջոցով»,- հայտնել է թագավորական օդուժի ներկայացուցիչը:
Այս տարվա առաջին կեսին Մեծ Բրիտանիան Իրաքում 155 թիրախների է հարվածել և 4 ռումբ է գցել՝ քրդական ու իրաքյան զորքերին ահաբեկչության դեմ պայքարում օգնելու համար։