Թուրք ֆանատները սուլել են լռության րոպեի ժամանակ
ՖԻՖԱ-ն քննարկում է Ստամբուլում կայացած Թուրքիա – Հունաստան (0։0) ընկերական հանդիպման մեկնարկից առաջ հայտարարված լռության րոպեի ժամանակ թուրք ֆանատների խայտառակ վարքի վերաբերյալ հետաքննություն անցկացնելու եւ կարգապահական վարույթ բացելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է ESPN-ը։
Փարիզյան ահաբեկչության զոհերի հիշատակը հարգելու նպատակով հայտարարված լռության րոպեի ժամանակ թուրք ֆանատները սուլել են եւ վանկարկել «Ալլահ աքբար»։ Թուրք ֆանատները սուլել են նաեւ Հունաստանի հիմնի ժամանակ։ Հանդիպումից հետո Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը քննադատել էր թուրք երկրպագուների վարքը՝ նշելով, որ պետք է հարգանք դրսեւորել հարեւան երկրի հիմնի կատարման եւ լռության րոպեի ժամանակ։
Հիշեցնենք, որ Բաքվի Օլիմպիական ստադիոնում կայացած Ադրբեջան – Մոլդովա (2։1) ֆուտբոլային ընկերական հանդիպումից առաջ ադրբեջանցի ֆանատները եւս բղավել եւ սուլել են Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին հայտարարված լռության րոպեի ժամանակ: