Հնարավորություն տվեք կառավարությանը արդյունավետ իրականացնելու պետության խնդիրները. Գ. Սահակյան
2016թ-ին երկրի տնտեսական աճը կլինի 2,2%, արդյունաբերությունը կաճի 3,7%-ով, գյուղատնտեսությունը 4%-ով, ծառայությունների ոլորտը՝ 1,3%, իսկ շինարարության ոլորտը՝ 1%-ով: ԱԺ այսօրվա իր արտահերթ ելույթում կանխատեսեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է 2016թ-ի բյուջեի նախագիծը:
Գալուստ Սահակյանի խոսքով` բյուջեյում առաջնահերթությունը տրվել է սոցիալական խնդիրներին: Նա չի բացառում, որ որոշ խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ ֆինանսական հնարավորությունները կարող են չբավականեցնել, սակայն քայլերը կլինեն նպատակային:
«2016թ-ի բյուջեն հնարավորությունների բյուջե է»,- ասաց ԱԺ խոսնակը:
Կոնկրետ քայլեր կնախաձեռնվեն նաև գործարար միջավայրի բարելավման համար: Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը կցանկանար ուշադրություն դարձվի նաև ՓՄՁ-ների զարգացման հնարավորություններին:
«ՓՄՁ-ն մեր երկրում զարգացման մեծ ներուժ ունի, հիմնական խնդիրը նախադրյալների ապահովումն է: Ոլորտի աջակցությունը պետք է լինի նպատակային և հասցեական»,-ասաց նա` հավելելով, որ բյուջեի նախագիծը հնարավորություն է տալիս, առավելագույնս դիմակայելու երկրի առջև ծառացած մարտահրավերներին:
Գալուստ Սահակյանը հորդորեց հնարավորություն տալ կառավարությանը առավել արդյունավետ իրականացնելու պետության սոցիալ-տնտեսական խնդիրները։