Իրանի դեսպանի հետ քննարկվել են մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեծացման հնարավորությունները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։
Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշեց, որ տրանսպորտի, կապի և բարձր
տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև արդյունավետ
համագործակցություն է ձևավորվել։ Հատկապես ուղևորափոխադրումների և
բեռնափոխադրումների ոլորտում գործակցությունը տարեցտարի ավելի է
ընդլայնվում։
Նախարար Աշոտ Հակոբյանն անդրադարձավ մուլտիմոդալ բեռնափոխադրումների
ծավալների մեծացման հնարավորություններին՝ նշելով, որ ձևավորված դրական
փորձը գոհացուցիչ է, և բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել այն
ավելի մեծացնելու համար։
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհավորելով նախարարին պաշտոնում
նշանակվելու կապակցությամբ, նշեց, որ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական
կապերի ամրապնդումն ու խորացումը շահավետ են երկու երկրների համար էլ։
Հանդիպման ընթացքում կարևորվեց Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը։
Նշվեց, որ այն, որպես տարանցիկ ուղի, առանցքային նշանակություն ունի ոչ
միայն Հայաստանի, այլև հարևան երկրի տնտեսության՝ մասնավորապես տրանսպորտի
և զբոսաշրջության զարգացման համար։
Քննարկվեցին նաև ճանապարհաշինության, երկաթուղու, ուղևորափոխադրումների և
բեռնափոխադրումների, կապի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն
ուղղված մի շարք հարցեր։