Նեմեց Ռուբոյի հեռացումն անկասելի է. Փաշինյանի մեսիջը
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի շուրջ օղակը սեղմվում է: Իրեն ֆուտբոլի արքա համարող Հայրապետյանն այս օրերին հետին պլան է մղված և «իզգոյի» կարգավիճակում է հայտնվել: Թերևս սա կարելի է ենթադրել «Լեգենդների խաղի» իր բացակայությունից: Ամեն օր կամ անգամ հաճախ չէ, որ ֆուտբոլային լեգենդները Հայաստան են ժամանում, ընկերական խաղ խաղում: Ստացվում է՝ բացառիկ հնարավորության դեպքում անգամ այս խաղին ստադիոնից երկրի բարձր ղեկավարության հետ չի հետևում ՀՖՖ նախագահը, մարդ, ում ներկայությունն այդ պահին ամենահիմնավորվածն էր:
Գուցե Հայրապետյանն «ինքնաբացա՞րկ» է հայտարարել. դա հնարավոր է, որովհետև երկրում առկա փոփոխությունների ֆոնին դժվար թե տանելի լիներ Ռուբեն Հայրապետյանի ներկայությունը՝ թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած ղեկավարի կողքին:
Ստացվում է՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանն է հրաժարավել Հայրապետյանի կողքին նստելուց, կա՛մ հակառակը: Երկու դեպքում էլ մի արդյունք հնարավոր է ակնկալել, այն է՝ Ռուբեն Հայրապետյանի «էվակուացումը» ֆուտբոլից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս հեղափոխության եռուն ժամանակներում Նիկոլ Փաշինյանը ծակ գնդակ նետեց ՀՖՖ-ի ուղղությամբ և նրա հրաժարականի հարցը բարձրացրեց՝ դժվար թե Փաշինյանն իշխանության գալով ձեռքերը ծալած նստեր:
Հավանաբար, վարչապետը նրան ուղղված ժեստ էր արել նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով ու արված գրառումով, թե Ջորկաեֆը ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին:
Իր յուրաքանչյուր տառի հանդեպ ծայրաստիճան զգույշ Փաշինյանն այս ոլորտում անելիք ունի և այդ առումով արդեն իր ասելիքն ասել է, մնացածը կանի ձևական կողմը պահելով:
Հայրապետյանի հեռացումն անկասելի է, թեկուզ սեփական կամքով: