Չենք պատրաստվում թվեր «դզել-փչել». Նիկոլ Փաշինյան
Օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու անկախ նրանից՝ Հանրապետական խմբակցությունից են, թե ոչ և նախկինում որտեղ են եղել: Դուք կտեսնեք, որ դա ընդամենը ճառ չի: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողի հարցին, թե կարո՞ղ է Հանրապետական գործարար պատգամավորների՝ խմբակցությունից դուրս գալը «մեղմացուցիչ հանգամանք» լինել, ասենք, եթե ԱԱԾ-ն չարաշահումներ հայտնաբերի, Փաշինյանը պատասխանեց. «ԱԱԾ-ն արդեն իր գործողությունների մասին հայտարարել է և էդ գործողությունները իրենք մինչև վերջ շարունակելու են»:
Ինչ վերաբերում է այն բանին, որ կառավարության ծրագրում նշված չեն, թե աղքատության մակարդակն ինչքանով պետք է նվազի, ինչ քայլերով, վարչապետն ասաց, որ այսօր կառավարությունը խնդիր ունի գնահատելու տնտեսության ստվերայնության ծավալները. «Դա շատ կարևոր հարց է: Հիմա, օրինակ, ո՞վ կարող է ասել, թե մեր տնտեսությունը քանի՞ տոկոս ստվեր ունի. կառավարությունը նախկինում գնահատել է 22 տոկոս, միջագային կազմակերպությունները՝ 46 տոկոս»:
Փաշինյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախկինում կառավարության ծրագրերում ֆիքսված թվերն իրականություն չեն դարձրել. «Մենք պատրաստվում ենք ոչ թե թվեր «դզել-փչել», այլ պատրաստվում ենք երկրում լրջագույն բովանդակային փոփոխություններ անել և այդ փոփոխություններն իրենք կբերեն արդյունքների»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ եթե այսօր Ազգային ժողովն ընդունի կառավարության ծրագիրը և բանը հասնի նրան, որ արտահերթ ընտրությունները հնարավոր լինեն միայն իր հրաժարականի դեպքում, ապա այդ հրաժարականին, ըստ նրա, կարելի է սպասել մեկ տարվա ընթացքում:
Հարցին էլ, թե ինչու Սյունիքի մարզպետը հրաժարական չի տալիս, Փաշինյանն ասաց, որ ակնհայտ է, որ առաջիկայում կունենանք նոր մարզպետ: