Հանքավանի սպանության գործում կասկածվողը ձերբակալվել է
Կոտայքի մարզի Հանքավանի «Տաք ջուր» առողջավայրում նոյեմբերի 16-ին երեք անձի սպանելու մեջ կասկածվող Հայրապետ Սեփոյանը ձերբակալված է: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել) հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական համագործակցված աշխատանքների արդյունքում պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը եւ այն ավտոմեքենան, որը դեպքի ժամանակ առերեւույթ հանցագործություն կատարած անձի կողմից օգտագործվել է որպես փոխադրամիջոց:
հիշեցնենք, որ զոհերից մեկը 27-ամյա Արմեն Հովհաննիսյանն է, մյուս երկուսը եղբայրներն են՝ 25-ամյա Վարդան Գալստյանը եւ 35-ամյա Վահե Գալստյանը: Արմենը Վահեի ու Վարդանի ընկերն էր, ով եղել է մեքենայի մեջ:
Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ կողմերի վիճաբանության պատճառը եղել է ծառահատումը: Ըստ այդմ, սպանված երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները Հայրապետ Սեփոյանի հոր հետ վիճել են այն պատճառով, որ վերջինս կտրել է նրանց հոր` Հանքավանում գործարար Ֆրունզե Գալստյանի տնկած ծառը: Նախնական տեղեկություններով՝ ի սկզբանե վեճը կտրած ծառի պատճառով է եղել, որը ողբերգական հանգուցալուծում է ունեցել:
3 անձի սպանության մեջ կասկածվողը Կոտայքի մարզի Մարմարիկի գյուղապետարանի ավագանու անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության փոխնախագահ Մխիթար Հարությունյանի քրոջորդին է: