Հաշվեհարդարներ չպետք է լինեն․ տնտեսագետ
«Իմ քայլը» շարժման առաջնորդները պետք է օրինականության շրջանակներում լուծեն երկրում ծառացած խնդիրները: Շարժման մասնակիցները Հայաստանը հանեցին կապանքներից, մեկուսացվածությունից: Պարզվեց, որ աշխարհի քաղաքական քարտեզում կա Հայաստանի Հանրապետություն, որ Հայաստանում ապրում են արժանապատիվ քաղաքացիներ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Ըստ նրա՝ հրապարակում ձևավորվել է մի թիմ, որին ուղղված են հասարակության զգալի մասի՝ մասնավորապես երիտասարդների հայացքները, ուստի պետք է նրանց սպասելիքներն արդարացնեն։
Ասատրյանը համոզված է, որ հաշվեհարդարներ չպետք է լինեն՝ Սահմանադրությամբ կոնկրետ քայլեր պետք է անեն:
Տնտեսագետը նաև գտնում է, որ կառավարությունը պետք է լինի ժամանակավոր, որտեղ որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատվություն չի կրում, նաև այդքան նախարարություններն են շռայլություն, անհրաժեշտ է ընդամենը 10 նախարարություն։
«Տնտեսական բլոկում հնարավորինս քիչ փոփոխություններ պետք է արվեն։ Բոլոր կառույցներում կան որակյալ կադրեր և պետք է այդ կադրերին պահել: Շատ մասնակիցներ ընդունել են նոր խաղի կանոնները»,- համոզված է Բագրատ Ասատրյանը։