Հանքավանի սպանության մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել
Հանքավանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձը 26-ամյա Հայրապետ Սեփոյանն է: Ոստիկանության ձեռնարկած գործողությունների արդյունքում նա արդեն ոստիկանությունում է: Նախնական տվյալներով կողմերի վիճաբանության պատճառը եղել է ծառահատումը: Սպանված երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները Հայրապետ Սեփոյանի հոր հետ վիճել են այն պատճառով, որ վերջինս կտրել է նրանց հոր` Հանքավանում գործարար Ֆրունզե Գալստյանի տնկած ծառը:
Հիշեցնենք, որ Հանքավանի «Տաք ջուր» կոչվող վայրում կրակել են մեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով երեք տղամարդ է մահացել՝ երկուսը տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննություն է տարվում՝ հանգամանքները պարզելու համար:
NEWS.am-ին հայտնի էր դարձել մահացած երեք անձանց ինքնությունը: Մեկը 27-ամյա երիտասարդ է Արմեն անունով, մյուսները եղբայրներն են՝ 25-ամյա Վարդան Գալստյանը եւ 35-ամյա Վահե Գալստյանը: Արմենը Վահեի ու Վարդանի ընկերն էր, ով եղել է մեքենայի մեջ: