Բախում ոստիկանների և ՖԱՖ շարժման մասնակիցների միջև
Այսօր, Խանջյան փողոցում գտնվող ՀՖՖ շենքի մոտ, բախում տեղի ունեցավ ոստիկանների ու Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների միջև:
ՖԱՖ շարժման բողոքի երթի մասնակիցները մայթից դուրս եկան փողոց: Ոստիկանները փորձում էին նրանց փողոցից ուժով հեռացնել: Քաշքշուկի արդյունքում երթի մասնակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին:
Ֆուտբոլի երկրպագուները վանկարկում էին «Պատասխան» եւ «Ֆուտբոլ ենք ուզում»:
Նրանք ՀՖՖ-ից պահանջում են հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում «խարիզմատիկ, ճանաչված, հարուստ աշխատանքային փորձով մարզիչի, հավաքական չհրավիրվող, բայց լավ մարզավիճակ ունեցող ֆուտբոլիստների հարցի վերանայում, խաղացողը պետք է հրավիրվի` ելնելով մարզավիճակից, եւ ոչ թե այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքից կամ ամբիցիաներից, հավաքականի տոմսերի գների վերանայում եւ իջեցում»։
Երկրպագուները պահանջում են նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։ Հաջորդ երթը կկազմակերպվի արդեն այս ուրբաթ` նոյեմբերի 20-ին: