Մեծ Բրիտանիայի արքայազն Ֆիլիպին հոսպիտալացրել են
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին, հոսպիտալացրել են: Պատճառն ազդրի շրջանում կատարվելիք վիրահատությունն է: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բուքինգհեմյան պալատի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ արքայազն Ֆիլիպը տեղափոխվել է Լոնդոնի Էդուարդ Յոթերորդի անվան հիվանդանոց, որպեսզի հաջորդ օրը կատարվի նախօրոք պլանավորած ոտքի ազդրի վիրահատությունը:
Հիշեցնենք, որ Էլիզաբեթ Երկրորդն ու արքայազն Ֆիլիպն ամուսնացել են 1947 թվականին: Վերջինս թագուհուց մեծ է հինգ տարով: 2013 թվականի հունիսին արքայազն Ֆիլիպը կրկին հոսպիտալացվել էր՝ մեկ այլ վիրահատության համար, իսկ ավելի վաղ՝ 2011 թվականին արքայազնին ստենդավորել էին: Թագուհի Էլիզաբեթ Երկրորդի գահակալման ողջ ընթացքում նրա ամուսինը միշտ եղել է նրա կողքին և ակտիվ դերակատարություն է ունեցել բրիտանական միապետության համար:
Թագուհին, իրենց «ոսկե ամուսնության» պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ իր շնորհակալությունն էր հայտնել արքայազն Ֆիլիպին և ասել, որ այդ ողջ տարիների ընթացքում ամուսինն իր հույսն ու հենարանն է եղել: 2017 թվականին արքայազն Ֆիլիպը պաշտոնապես հայտարարեց, որ այլևս չի զբաղվելու ակտիվ գործունեությամբ և հանգստի է անցնում։