Թիերի Անրին կգլխավորի՞ «Արսենալը»
Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին նշել է, որ եթե հրավեր ստանար «Արսենալը» ղեկավարելու, ապա մեծ հաճույքով կհամաձայնվեր ու կօգներ։ Արդեն հիմա լոնդոնյան թիմի երկրպագուներն ու ղեկավարությունը մտածում են, թե ով է գլխավորելու թիմը մյուս մրցաշրջանում։
Հավանական թեկնածուների մեջ են «Լիվերպուլի» նախկին մարզիչ Բրենդան Ռոջերսը, «Յուվենթուսի» մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, Կառլո Անչելոտին։ Այս մարզիչները համաշխարհային ֆուտբոլի մեր օրերի լավագույն մասնագետներից են, սակայն վերջին մի քանի տարիներին ամեն ինչ ցույց է տալիս, որ թիմին նվիրյալ մարտիկներն ավելի լավ են գլխավորում թիմը, հասկանում հոգեբանությունն ու խաղային փիլիսոփայությունը, քան այլ մարզիչները։
Օրինակ՝ Դիեգո Սիմեոնեն իր «Ատլետիկոյով», Զիդանն իր «Ռեալով», Գվարդիոլան իր «Բարսելոնայով», իսկ հիմա արդեն Գատուզոն իր «Միլանով»։
«Արսենալի» ղեկավարությունը, տեսնելով այս մասնագետների աշխատանքն ու հաջողությունները, կանգնած է բարդ խնդրի առաջ։ Վստահել լեգենդի՞ն, ով թիմի հոգեբանությունն ու փիլիսոփայությունը կրում է իր սրտում, թե՞ թիմի ղեկը հանձնել մարզչի, ով իր ձեռագիրն ու հետքն է թողել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։
Միանշանակ պետք է նշել, որ լոնդոնյան թիմի երկրպագուները կանգնած են բարդ խնդրի առաջ։ Իսկ մյուս կողմից էլ Արսեն Վենգերը նշում է, որ նա կգտնի թիմի փրկության ելքը։