Գատուզոյի ստեղծած «հրեշը» փակում է քննադատների բերանը․ «Միլանը» վերադառնում է
Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն շարունակում է լռեցնել այն քննադատներին, ովքեր նշում էին, որ նա չի կարող մարզել «Միլանը»։ Փաստացի իտալական ակումբը բոլոր մրցաշարերում միասին 13 հանդիպում անպարտելի է։ Վերջին մի քանի հանդիպումների ընթացքում թիմը գնդակ չի ընդունել սեփական դարպասը։
Արդեն հիմա եվրոպական սպորտային պարբերականները գրում են, որ Գատուզոն կարողացավ վերադարձնել «Միլանի» ոգին։ Թիմի ֆուտբոլիստներն էլ իրենց հերթին նշում են, որ հիմա իրենք հոգեբանորեն ավելի ուժեղ են, քան նախկինում։
Իտալական թիմը պայքարում է մի քանի ճակատով։ Թիմն Իտալիայի առաջնությունում պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, և Իտալիայի գավաթի։
Եվրոպալիգայում թիմը մրցելու է մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ «Արսենալի» հետ, որի հետ առաջին հանդիպումը կայանալու է մարտի 8-ին։
Գատուզոն իր հերթին նշել է, որ իր մարզումների ժամանակ նա տանջամահ է անում ֆուտբոլիստներին, սակայն այդ ամենի արդյունքը երևում է հանդիպումների ժամանակ։ Փաստացի միլանյան թիմն այս պահին գտնվում է ֆանտաստիկ մարզավիճակում։ Թիմի պաշտպանությունը դարձել է իսկական քար, որը չեն կարողանում ճեղքել նույնիսկ «Ինտերի», «Լացիոյի» ու «Ռոմայի» նման ակումբները, ովքեր այս տարի հրաշալի ֆուտբոլ են ցուցադրում հարձակման գծում։